11/03/2011 09:24
Ադրբեջանցիների փամփուշտից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող
Մարտի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արթուր Սամվելի Աղաբաբյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Դատելով վերջին օրերին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությունից, կարելի է հանգել այն եզրակացության, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի կատարում սույն թվականի մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխադարձ վստահության հետագա ամրապնդման պայմանավորվածության պահանջները, այլև իր նախահարձակ գործողություններով շարունակում է խորացնել առաջնային գծում տիրող լարվածությունը:
Դեռ ավելին, հանդիսանալով հրադադարի ռեժիմի խախտման մշտական նախաձեռնողը (որի պատճառով ի դեպ Սոչիի եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր առաջ Վերին Չայլուի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում զոհվեց ՊԲ ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկյանը), պաշտոնական Բաքվի քարոզչամիջոցները ճգնում են լկտիաբար ապակողմնորոշել միջազգային հանրության կարծիքը և հայկական կողմին ներկայացնել որպես նախահարձակ: Մասնավորապես, սույն թվականի մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից սպանվել է Աղդամի Օրթա Քարվենդ գյուղի անչափահաս բնակիչ Ֆարիզ Բադալովը, դրա վառ ապացույցն է: Շեշտենք, որ այս միջադեպի ճշգրիտ մանրամասները պարզելու նպատակով մարտի 10-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախորոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախատեսեց դեպքի վայրում անցկացնել դիտարկում: Սակայն, չգիտես ինչու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱնջեյԿասպշիկի առաջարկով Ասկերանի ուղղությամբ իրականացրած դիտարկման ժամանակ, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջնային գծի նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի հետևանքով դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Այս հանգամանքը մեկ անգամ ևս հաստատում է այն իրողությունը, որ ադրբեջանական կողմը իր այս քայլով հերթական անգամ փորձեց միջադեպի հետ կապված ճշգրիտ մանրամասները թողնել չբացահայտված: Ավելին, դիտարկման օրը ադրբեջանական կողմը ոչ միայն ԵԱՀԿ առաքելության համար հնարավորություն չստեղծեց լիարժեք իրականացնելու առաջադրված խնդիրը, այլև առաջնային գծի մյուս բոլոր հատվածներում, իր սովորության համաձայն բազմաթիվ անգամ խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը:
Այս և մյուս փաստերը անհերքելիորեն ապացուցում են, որ ի տարբերություն հայկական կողմի, որը հարգում և հետևողականորեն կատարում է մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածության պահանջները, Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողություններով խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Այս ամենից արվելիք եզրակացությունը հետևյալն է` կամ ադրբեջանական բանակը անկառավարելի է, կամ էլ իր բոլոր նախահարձակ գործողությունները իրականացնում է վերադասի թելադրանքով: Մնացած հետևությունները թողնում ենք հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին»: