14/03/2011 11:14
Հայ-թուրքական նախաձեռնությունը տապալվեց Թուրքիայի պատճառով
Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի խիզախ նախաձեռնությունը` բարելավելու հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ տապալվեց Թուրքիայի պատճառով: Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի կողմից առաջ քաշվեցին նախապայմաններ, որոնց մասին անգամ խոսք չկար արձանագրությունների ստորագրման արարողությունից առաջ ընթացող բանակցությունների ժամանակ և չնայած հայկական կողմը պատրաստ էր վավերացնել արձանագրությունները` ընդգրկելով հարցը Ազգային ժողովի օրակարգում, Թուրքիայի անհիմն շահարկումների պատճառով Հայաստանի Նախագահը ստիպված էր հարցը հետ կանչել Ազգային ժողովի օրակարգից և սառեցնել գործընթացը:
«Եթե խոսքը գնում է նախապայմանների մասին, ապա կարծում եմ անվիճելի է, որ հայկական կողմն ունի ավելի շատ բարոյական հիմքեր նախապայմաններ ներկայացնելու թուրքական կողմին»: «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ապա այն ոչ միայն ունի բարոյական մեծ նշանակություն, այլ նաև կկանխարգելի ցեղասպանության կրկնությունն իր տարբեր դրսևորումներով աշխարհի ցանկացած անկյունում»-ասաց ԱԺ նախագահը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սիրով պատասխանեց նաև մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ներքաղաքական զարգացումներին, տնտեսությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, գյուղական բնակավայրերի զարգացմանը, չշրջանցվեց նաև երկպալատ խորհրդարան ստեղծելու հնարավորության հարցը:
Մարտի 14-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի, Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ, կմասնակցի Լորդերի պալատի լիագումար նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: