14/03/2011 15:54
ԵՄ-Թուրքիա հարաբերություններում Հայաստանի ազդեցությունը քիչ է
Հայաստանի ասոցիացված փոխհարաբերությունները Եվրամիության հետ` այդ կառույցին Թուրքիայի անդամակցության վրա որևէ ազդեցություն չի ունենա: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
«Հայաստանի գործոնը շատ փոքր ազդեցություն ունի Եվրամիություն-Թուրքիա փոխհարաբերությունների վրա, որոնք հիմնականում կապված են աշխարհաքաղաքական իրողությունների հետ, այդ թվում նաև` տարածաշրջանային», - ասաց բանախոսը:
Փորձագետը հիշեցրեց, որ 1995 թվականանին, երբ Թուրքիան դարձավ եվրոպական մաքսային միության անդամ, շարունակեց շրջափակման մեջ պահել Հայաստանը, սահմանը փակ մնաց նաև, երբ Թուրքիան դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու:
«Այսօր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու պայմաններում Հայաստանի հետ կապված որևէ նշանակալից պահանջ չկա, հիմնական պահանջները վերաբերում են այդ երկրում ժողովրդավարության մակարդակին և Կիպրոսի հիմնախնդրին», - նշեց Ն.Գալստյանը` հավելելով, որ վերջին երկու տարիների ընթացքում Անկարան ընդունել է նոր քաղաքական ուղեգիծ, որը Եվրամիությանը ստիպում է փոխել իր պահանջների շեշտադրումները: