14/03/2011 12:01
Սամսոն Խաչատրյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ
Մարտի 13-ին, ժամը 17.00-ին, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Սամսոն Խաչատրյանը: Բերման են ենթարկվել նաև այդ պահին ավտոմեքենայում գտնվող Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:
«2011 թ. մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին:
Ս. Խաչատրյանն բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը:
Նույն օրը, ժամը 20-ին, Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է:
Նրա հետ բերման ենթարկված անձինք որպես վկա հարցաքննվել և ազատ են արձակվել:
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: