15/03/2011 12:49
Չ.Աքթար. Հայ-թուրքական երկխոսությունը «հետընթաց չի ապրի»
«Երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև խորանում ու գունազարդվում է»,- այսօր Երևանում մեկնարկած «Հայոց Ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց Բահչեշեհիր համալսարանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ դեյլի» և «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը: Բանախոսը հիշեցրեց ու կարևորեց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այն թեզը, համաձայն որի Հայոց Ցեղասպանության փաստը կարևոր է ոչ թե ընդունել ստիպողաբար, այլ ըմբռնել կատարվածն ու հասկանալ:
Չ.Աքթարը վստահեցրեց, որ թուրք հասարակությունում ամեն ինչ փոխվում է` սկսած 1993թ-ից, երբ Ցեղասպանության վերաբերյալ սկսեցին խոսել: «Իսկ այսօր, համոզված եմ, գործընթացն այլևս չի կարող կանգ առնել կամ հետընթաց ապրել», - նշեց նա:
Համաձայն թուրք հրապարակախոսի` Հայաստանը ու հայերին ճանաչման գործընթացում մեծ դեր խաղաց Հրանտ Դինքի «Ակոսը»:
«Բոլորն իրենց ընտանիքներում հայերի հետքն էին սկսում փնտրել, հայը սկսեց ծանոթանալ թուրքին, թուրքը` հային: Հայ-թուրքական սահմանի փակումը 1993թ-ին որոշակիորեն կասեցրեց այդ գործընթացը` հատկապես հայ և թուրք հասարակությունների շփման իմաստով, սակայն այսօր ականատեսն ենք, որ այն շարունակվում է», - ասաց բանախոսը:
Նրա խոսքով`հայ-թուրքական երկխոսությունը շարունակվում է նաև մշակութային մակարդակում:
«Թուրքիայում վերանորոգվում են մի շարք հայկական եկեղեցիներ, Աղթամարի Սուրբ Խաչը եզակի դեպքը չէ»,- ասաց նա` նշելով, որ հայկական եկեղեցիների վերանորոգումը կատարվում է ոչ միայն զբոսաշրջությունը զարգացնելու միտումով:
«Ավելին, 1915թ-ից սկսած առաջին անգամ Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվում է պետության փողերով, իսկ սա խոսուն փաստ է», - հավելեց Չ.Աքթարը:
Ըստ թուրք հրապարակախոսի` մշակութային քաղաքականության իմաստով երկխոսությունը խորանում է նաև գիտաժողովների ու տարատեսակ քննարկումների առումով, որոնցում շատ հաճախ հիմնական թեման անցած դարասկզբի ողբերգական դեպքերի վերհանումն ու այսպես կոչված հիշողության քաղաքականությանը վերաբերող քննարկումներն են:
Հիշեցնենք, որ Չենգիզ Աքթարը «Ներման արշավի» նախաձեռնող խմբի անդամ է, որը նախաձեռնվեց 2008թ-ին մի խումբ մտավորականների ջանքերով: Նա Երևան ժամանել է «Կոչ ներումի» գրքի հայերեն թարգմանությամբ, որում ամբողջականացվել են թուրք հասարակությունում առկա տրամադրությունները: