15/03/2011 12:24
Գիտաժողով` «Հայոց ցեղասպանության գիտական կառուցումը Թուրքիայում»
Այսօր Երևանում բացվեց «Հայոց ցեղասպանության գիտական կառուցումը Թուրքիայում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են «Երկիր» միությունն ու «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը: Գիտաժողովին մասնակցում են թուրք փորձագետներ, «Ներման արշավի» նախաձեռնող խմբի անդամներ Չենգիզ Ակթալը և Ալի Բայրամօղլուն, ինչպես նաև ճանաչված փորձագետներ և թուրքագետներ Հայաստանից:
Քննարկումները ծավալվում են թուրք հասարակության և պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների շուրջ, մասնավորապես` Ցեղասպանության ժխտման դրսևորումների, Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ներկա միտումների, հայկական մշակութային ժառանգության վիճակի, այդ երկրի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ:
Նշենք, որ «Ներման արշավը» նախաձեռնվել էր 2008 թվականին` մի խումբ մտավորականների կողմից: Այն հնարավորություն տվեց Թուրքիայի այն բնակիչներին, որոնք ցանկանում էին անձնապես ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար, առցանց հանրագրի տակ ստորագրել: Հանրագիրը հաշված օրերի ընթացքում ստորագրեց շուրջ 10 հազար մարդ: Չնայած Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածին, որով 1915-1918թթ հայերի զանգվածային սպանություններն ու կոտորածը «ցեղասպանություն» որակավորողները մեղադրվում են «թուրքական ազգը հրապարակավ վիրավորելու մեջ»` թուրքերենով հրապարակավ սկսվում են հրապարակվել Հայոց ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ: