15/03/2011 15:21
Վ.Աթանեսյան. Բաքուն փորձում է ձգձգել բանակցային գործընթացը
Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումը հնարավորություն տվեց, որ բանակցային գործընթացը շարունակվի, ինչը լիովին համապատասխանում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նա, սակայն, նշեց, որ Սոչիի հանդիպմանը հաջորդած քայլերը ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն փորձում է ձգձգել բանակցային գործընթացը, բայց բնական է, որ ԼՂՀ համար խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
«Գտնվելով Փարիզում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ խնդրի կարգավորման ամենաարդյունավետ ճանապարհը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, որը հնարավորություն կընձեռի առկա խնդիրները քննարկել իրավահավասարության մթնոլորտում»:
ԼՂՀ ԱԺ պատգամավորը դժվարացավ ժամանակային առումով կանխատեսել, թե իբրև լիարժեք ու իրավահավասար կողմ ԼՂ-ն ե՞րբ և որտե՞ղ կմասնակցի բանակցություններին. «Երբ մենք ասում ենք, որ ԼՂՀ-ն պետք է բանակցող կողմ լինի, սա հավակնություն չէ, ոչ էլ ինչ-որ մեկի երևակայություն, այլ բխում է խնդրի էությունից, քանի որ այն չի կարող կարգավորվել, եթե չի լուծվում ԼՂ ապագա կարգավիճակի հարցը, և որևէ մեկը չի կարող ԼՂ ժողովրդի ու իշխանությունների փոխարեն քննարկել կարգավիճակի, տարածքի ու անվտանգության հարցերը»:
Վ.Աթանեսյանը մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե սկզբունքների շուրջ համաձայնության գալու լինեն, ապա դա ամենևին էլ չի նշանակում, թե դրանով բանակցություններն ավարտվում են. «Հակառակը` դրանով սկսում է բուն բանակցությունների ընթացքը, իսկ այս պարագայում ԼՂ մասնակցությունը դառնալու է հրատապ, քանի որ առանց Ղարաբաղի քննարկել որևէ բան անտրամաբանական է»: