16/03/2011 09:41
«Արմավիա»-ն բողոքում է «Զվարթնոց»-ի բարձր գներից
Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը մեկ ժամով հետաձգել էր իր չվերթները` բողոք հայտնելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բարձր գների դեմ:
Ավիաընկերության տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գները 3 անգամ ավելի թանկ են, քան Մոսկվայի օդանավակայաններինը և միջինը 2 անգամ թանկ, քան Եվրոպայի օդանավակայանների գները:
«Արմավիան» նշում է նաև «Զվարթնոց» օդանավակայանի կողմից «կոշտ միջոցների» դիմելու փաստը` պարտքերի դիմաց չեն սպասարկվում «Արմավիայի» չվերթները:
«Համաձայն միջազգային պրակտիկայի, ընթացիկ պարտքը մարվում է հաջորդ ամիս: Չնայած այն հանգամանքին, որ «Արմավիայի» պարտքը «Զվարթնոց» օդանավակայանի հանդեպ կրճատվել է 20 տոկոսով` օդանավակայանը պահանջում է այն մարել անմիջապես», - նշված է «Արմավիայի» տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ Aysor.am-ի ունեցած տեղեկություններով, այս պահի դրությամբ «Արմավիան» արդեն վերսկսել է հետաձգված չվերթների իրականացումը: