16/03/2011 10:19
Քադաֆին հույս ունի վերադարձնել վերահսկողությունը ողջ երկրում
Լիբիայի կառավարությունը հույս ունի առաջիկա մի քանի օրերի ընթացքում վերադարձնել վերահսկողությունը ներկայում ապստամբների ձեռքում գտնվող շրջաններում: Այս մասին Բի-բի-սի-ի համաձայն, Ռոյթեր գործակալությանը հայտարարել է լիբիական ԱԳՆ փոխղեկավար Հալեդ Քայիմը:
Նա նաև ասել է, որ լիբիական կառավարությունը հավատարիմ կմնա ավելի վաղ արևմտյան նավթային ընկերությունների հետ կնքված պայմանագրերին:
Միաժամանակ լիբիական պաշտոնյան նշել է, որ ներկայիս ճգնաժամն ապագայում կազդի արևմտյան նավթային կորպորացիաների հետ հարաբերությունների վրա:
Մինչդեռ, լիբիական առաջնորդ Մուամադ Քադաֆին Մեծ Բրիտանիային մեղադրել է շարունակվող լիբիական ճգնաժամում: Նրա խոսքով` «Մեծ Բրիտանիան աջակցել է Լիբիայի վրա հարձակմանը»:
Նման հայտարարություն լիբիական առաջնորդն արել է երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը ցուցադրվել է Լիբիայի պետական հեռուստատեսությամբ: