16/03/2011 13:33
Դրախտիկ գյուղում մանկապարտեզ է կառուցվել
Մանկապարտեզի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ ծրագիրն է Դրախտիկ գյուղում: Այս ձեռնարկը համաֆինանսավորվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության կողմից, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խորհրդային տարիներին գործող մանկապարտեզը պատերազմի ժամանակ վերածվել էր շտաբի:Այսօր այն չի կարող ծառայել մանուկներին ու օգտագործվում է որպես համայնքի վարչական գրասենյակ: Նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց թիվը գյուղում հասնում է քսանի, դպրոցին պատրաստվելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայումս հյուրընկալվում են նորակառույց դպրոցում հատկացված մեկ դասասենյակում, որը միայն երեխաների կրթական նպատակներին է ծառայում: Իսկ գյուղի կրտսեր տարիքի ավելի քան 15 երեխաներն ընդհանրապես մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունեն:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010թ. օգոստոս ամսին: Ընթացքում են երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Այն կունենա տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված առանձին ննջասենյակներ ու խաղասենյակներ, ինչպես նաև մարմնամարզության ու երաժշտական պարապմունքների դասասենյակներ: Նորակառույցում կտեղադրվեն ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգեր: Խոհանոցը, լվացքատունը, բուժկետն ու սանհանգույցները ապահովված կլինեն կենցաղային տեխնիկայով ու պարագաներով: Երեխաների ժամանցը հնարավոր կլինի նաև կազմակերպել նաև բացօթյա խաղահրապարակում:
«Գյուղացու կյանքի պայմանների բարելավումը, վստահ եմ, գյուղացուն կկապի իր հողի հետ, իսկ մենատնտեսության զարգացումը կբերի մեր ընդհանուր տնտեսության վիճակի բարելավմանը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Մանկապարտեզի կառուցումը «Հայաստան» հիմնադրամի միակ ծրագիրը չէ Դրախտիկում. նրա ջանքերով համայնքն ապահովվել է խմելու ջրով, իսկ նվիրաբերված գյուղտեխնիկան օգնում է գյուղացիներին ավելի մեծ արդյունք ստանալ իր հողից»,-նշում է Դրախտիկի գյուղապետ Նորայր Դավթյանը:
Այցերից մեկի ժամանակ զրուցեցինք Դրախտիկի երիտասարդ մայրերից մեկի հետ, ով իր ուրախությունը հայտնելով մանկապարտեզի կառուցման կապակցությամբ, ասաց, որ նոր մանկապարտեզին երկար են սպասել: «Գյուղի աշխատանքը ծանր է, իսկ գյուղացին մեծ մասամբ դաշտերում է լինում: Հիմա արդեն ավելի հանգիստ կլինենք, որ մեր երեխաները հսկողության տակ են և դեռ մի բան էլ սովորում են»:
«Մեր մանուկներն արժանի են, որ կրթվեն ու դաստիարակվեն այն պայմաններում, ինչպիսիք կան Ֆրանսիայում կամ Եվրոպայի այլ երկրներում: 10 տարուց ավել է, ինչ ֆրանսահայ համայնքն իր միջոցներով օգնում է կառուցել, վերակառուցել ու կահավորել Հայաստանի ու Արցախի դպրոցներն ու մանկապարտեզները», - իր գոհունակությունն է հայտնում Հիմնադրամի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: