16/03/2011 12:37
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԽ համանախագահներին
Մարտի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպմանը քննարկվեցին Սոչիում մարտի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հնարավոր կլինի առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրեց շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպվող շարունակական սադրանքների և զինդադարի խախտումների վրա` նշելով, որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացում դրական մթնոլորտի ձևավորմանը և հավելեց, որ եթե Ադրբեջանը համաձայնություն տար ընթացքում Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության կողմից վերջին երկու տարվա ընթացքում հնչող կոչերին` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ամրապնդել զինադադարի ռեժիմը, դա կնպաստեր խաղաղ գործընթացի առաջընթացին:
Զրույցի ընթացքում համանախագահները նախարարին ներկայացրեցին Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները: