16/03/2011 15:19
Նովրուզի օրերին Հայաստանում սպասվում է 20 000 իրանցի զբոսաշրջիկ
Ինչպես վերջին տարիներին նկատվում է, հատկապես մարտ ամսին Հայաստանում անհամեմատ ավելանում է իրանցի զբոսաշրջիկների թիվը, ինչը պայմանավորված է մարտի 21-ին Իրանում նշվող Նոր տարվա` Նովրուզի տոնով: Այս տարի այդ օրերին Հայաստանում սպասվում է մոտ 20 հազար իրանցի զբոսաշրջիկի այցելություն: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Այդքան մեծ թվով իրանցիների այցելությունը Հայաստան պայմանավորված է երկու երկրների բարիդրացիական հարաբերություններով, տարածքային առումով մոտ գտնվելով, Հայաստանում իրենց երկրի համեմատ ազատ օրենքների առկայությամբ, ինչպես նաև ազատ ժամանակ անցկացնելու նպատակով», - նշեց նա:
2009-ի համեմատ` 2010-ին Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 40 տոկոսով: Ինչպես ասաց վարչության պետը, 2010-ին Հայաստանի սահմանը հատել է մոտ 120 հազար Իրանի քաղաքացի` նախորդ տարվա 87 հազարի փոխարեն:
«Զբոսաշրջիկների 70 տոկոսը Հայաստան է այցելում ընտանիքներով: Նրանք հիմնականում այցելում են մեր պատմամշակութային վայրեր»,- ասաց նա և հավելեց, որ զբոսաշրջիկների կողմից լինում են բողոքներ, թե նմանատիպ վայրերում չկան պարսկերենով տեղեկատվական վահանակներ:
Ասուլիսին ներկա փորձագետ Տիգրան Դավթյանն էլ, անդրադառնալով Նովրուզին, նշեց, որ աշխարհում մոտ 300 մլն մարդ տոնում է այդ տոնը: Նա ներկայացրեց տոնից մանրամասներ, համաձայն որոնց` տոնը մոտ 3000 տարվա պատմություն ունի, և այդ օրն Իրանում ընդունված է տոնական սեղանին դնել 7 խորհրդանշական բարիք` խնձոր, փշատ, սխտոր, մետաղադրամ, քացախ, կանաչի, ածիկ, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի: