16/03/2011 14:19
ՀՀ Նախագահ. Ադրբեջանի մեղադրանքն առավել քան սին է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
ՀՀ Նախագահը վերահաստատել է Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում բանակցությունները շարունակելու` հայկական կողմի պատրաստակամությունը: Նշվել է, որ հանդիպմանը հետևած ժամանակահատվածում հայկական կողմը հետևողական քայլեր է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հանրությանը իրազեկելու և կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքներին, այդ թվում` հայ զինծառայողի սպանությանը, ապակառուցողական հայտարարություններին և սադրանքներին, մասնավորապես տարածվող ապատեղեկատվությանն այն մասին, թե 9-ամյա երեխա է զոհվել հայ դիպուկահարի կրակոցից:
Սերժ Սարգյանը նշել է, որ այդ մեղադրանքը բացարձակ զրպարտանք է, քանի որ քաղաքացիական բնակչության, հատկապես երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ: Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետև նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերը: