17/03/2011 10:30
Իրանի ռազմաբեռով ինքնաթիռը Թուրքիայում հարկադիր վայրէջք է կատարել
Թուրքական ռազմաօդային ուժերը երեկ հարկադրել են Իրանից Սիրիա մեկնող` ռազմական բեռ տեղափոխող, ինքնաթիռին վայրէջք կատարել Թուրքիայի հարավ-արևելյան մասում, քանի որ գաղտնի զգուշացում էին ստացել, որ ինքնաթիռում միջուկային զենք կա: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Երբ ինքնաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, թուրքական երկու F-16 ինքնաթիռներ փակել են ճանապարհն, ու ինքնաթիռը հարկադրված է եղել վայրէջք կատարել Դիարբեքիրի օդանավակայանում: Նշվում է, որ օդանավակայանում հետաքննություն է կատարվում և արդեն ուղարկվել են քաղաքացիական պաշտպանության մասնագետներ:
Երբ Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարին խնդրել են մեկնաբանել տեղի ունեցածը, նա ասել է, որ այս պահին որևէ բան չի կարող հաստատել: Թուրքիայի օդուժի գլխավոր շտաբը ևս որևէ մեկնաբանություն չի արել կատարվածի շուրջ: