18/03/2011 11:01
Հայաստանը և Վրաստանը համագործակցության հուշագիր ստորագրեցին
Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին ստորագրեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր:
Մ. Վարդանյանը հայտնեց, որ վրացի գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի քանի հարցեր, ճանապարհների շինարարության ծրագրեր:
«Ֆինանսական ընկերությունները ուսումնասիրում են նախագծային լուծումները, Հայաստանում և Վրաստանում կառուցվող ճանապարհները, ուզես, թե չուզես, տարածաշրջանային ծրագրեր են»,- ասաց Մ. Վարդանյանը` հավելելով, որ քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության խնդիրները:
Մ. Վարդանյանը հայտնեց, որ այս տարի աշխատանքները սկսվելու են 4 ուղղությամբ` Բավրայի, Հյուիս-հարավը, Սևանի, և Ապարան-Վանձոր-Ալավերդի: Նախագծերը ֆինանասավորում են Ասիական բանկը և Համաշխարհային բանկը: Ճանաապարհների կառուցապատողի միջազգային տենդեր է հայտարարվելու: Հայկական պատվիրակությունը մարտի 21-22-ին աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան:
Ռ. Նիկոլաիշվիլին տեղեկացրեց, որ մինչև Փոթի հասնող նոր ճանապարհի շնորհիվ դեպի սևծովյան հանգստավայրեր տանող ճանապարհի երկարությունն էականորեն կկրճատվի:
«Երեկ ամբողջ օրն աշխատել ենք, քննարկել ենք ծրագրեր, որոնք խթան կհանդիսանան մեր հարաբերությունների զարգացման համար: Վրաստանում և Հայաստանում իրականացվող ծրագրերը փոխկապակցված են»,- նշեց վրացի նախարարը:
Նա կարևորեց նաև Վերին Լարսի ճանապարհի վերականագնումը. «Այն շատ կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար: Այնտեղ կլիմայական պայմանները բարդ են, բայց դա ոչինչ չի նշանակում, այժմ այնտեղ ձյուն է գալիս»: