18/03/2011 13:56
Ս.Հասրաթյան. «Ադրբեջանը շարունակում է ստոր պահվածք դրսևորել»
«Դա Սաբիրօղլուի հերթական նենգ պահվածքն է: Շփման գծում տեղի ունեցած ցավալի միջադեպը քողարկելու նպատակով Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածում: Փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը շարունակում է ստոր պահվածք դրսևորել՝ անընդհատ լարված պահելով իրավիճակը, որով փորձում է բոլորին ցույց տալ, որ հակամարտության գոտում իրադրությունը հեռու է խաղաղ լինելուց»,- անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությանը՝ Aysor.am-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, անդրադառնալով ԼՂՀ ՊԲ կողմից հայ զինծառայողի սպանության մասին տարածած հաղորդագրությանը, ասել է, թե իր տեղեկություններով, հայ զինծառաողի մահը կապված է հայկական զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին և որ իրենք հայ զինծառայողի սպանության հետ ոչ մի կապ չունեն:
«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից անհեթեթ ու հորինված պատմությանը, ապա պետք չէ, որ Ադրբեջանն իր «կեղտոտ լվացքը տնից դուրս հանի», որ բոլորն իմանան, թե իրենց բանակում նմանատիպ միջադեպերն ինչպես են քողարկվում»,- ասաց ՊԲ ներկայացուցիչը:
Ս. Հասրաթյանը հավելեց, թե լավ կլիներ, որ Սաբիրօղլուն ու նրա նմանները մտածեն ադրբեջանական բանակում գրեթե ամեն օր գրանցվող մահվան ելքով տարբեր միջադեպերի մասին ու նոր այլ պետությունների բանակում առկա վիճակի վերաբերյալ եզրակացություններ անեն:
Հիշեցնենք, որ Մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է: