19/03/2011 11:33
Սիրիայում սպանվել է բողոքի ակցիայի 4 մասնակից
Չորս մարդ է զոհվել և հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել Սիրիայի հարավի մի շարք քաղաքներում ցույցերի ցրման ժամանակ: Դերաա քաղաքում, որը գտնվում է Դամասկոսից 120 կմ դեպի հարավ, իրավապահները կրակ են բացել ցուցարարների վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բողոքի ակցիաները տեղի են ունենում նաև երկրի մայրաքաղաք Դամակոսում, որտեղ ակցիայի մասնակիցները պահանջել են «ազատություն և ժողովրդավարություն»: Մի շարք քաղաքներում, հատկապես Սիրիայի հարավում, ցուցարարները այրել են մեքենաներ, փշրել են խանութների և սեփական կրպակների ցուցափեղկեր:
Բողոքողներին ցրել են տեղի իրավապահ ուժերը` օգտագործելով ռետինե մահակներ, իսկ որոշ դեպքերում` արցունքաբեր գազ: