21/03/2011 17:14
ԱՄՆ-ի ադրբեջանցիները պահանջել են Ալիևների իշխանության հրաժարականը
ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների «AZAD» կազմակերպությունը մարտին 19-ին բողոքի ակցիա է անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև:
Ակցիայի մասնակիցներն աջակցություն են հայտնել վերջին օրերին Ադրբեջանում ձերբակալված երիտասարդ ակտիվիստներին, հատկապես Ադրբեջանի «Ժողճակատ» կուսակցության երիտասարդական թևի խորհրդի անդամ Ջաբբար Սավալանին, Բախտիյար Հաջիևին, ինչպես նաև` ճանաչված լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին և պահանջել ազատ արձակել նրանց: Այս մասին գրում է «Ազադլիգ» թերթը:
Պիկետի մասնակիցները բողոք են հայտնել Ադրբեջանի իշխանության ռեպրեսիաների առթիվ և հայտարարել, որ անհրաժեշտ է պահանջել Ալիևի վարչակարգի հրաժարականը: Նրանք նաև պահանջել են անմիջապես ազատ արձակել մտացածին մեղադրանքներով ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին:
Ադրբեջանի դեսպանատան առջև անցկացված պիկետում «Կորչի դիկտատուրան», «Եկել է Ալիևների հեռանալու ժամանակը» բովանդակությամբ կոչեր են հնչեցրել: Նրանք «Ադրբեջանն Ալիևներն են բռնազավթել», «Կեցցե հանրապետությունը, կորչի միապետությունը», «Ոչ դիկտատուրային Ադրբեջանում» և նման բովանդակությամբ այլ պաստառներ են պարզել: