22/03/2011 12:56
ՀՀ-ն ու Արցախը` Լոս Անջելեսում կայացած զբոսաշրջային միջոցառմանը
Մարտի 19-20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող` հանգստի ու ճամփորդության լավագույն հանգստավայրերը: Ինչպես այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, երկու օրերի ընթացքումցուցահանդեսը դիտելու եկավ տասնյակ հազարավոր այցելու:
Հայաստանն ու Արցախը ներկայացան միասնական տաղավարով: Հայկական տաղավարի մոտ այցելուների հարցերին պատասխանում էին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաև` տեղի հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանվում էին տեղեկատվական գրքույկներ:
LA Times թերթի հրատարակիչ և գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշեց, որ, ինչպես անցած տարի, այս անգամ ևս հայկական տաղավարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ:
Ցուցահանդեսի մշակութային մասում ելույթ ունեցան «Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ» և «Զվարթնոց» պարային համույթների սաները: