22/03/2011 12:37
«Ադրբեջանը կրկին նոր սպանդ է կազմակերպում հայության նկատմամբ»
Լրանում է Շուշիի կոտորածի 91-րդ տարին: Այս կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպեց ու կոտորածների մասին պատմեց «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը:
Բանախոսը, կոտորածից մանրամասներ ներկայացնելով, նշեց, որ առավոտյան ժամը 4-ին Շուշի բերդաքաղաքի հայկական թաղամասում գտնվող զորանոցում տեղակայված Ադրբեջանի բանակի 1500 հոգանոց գնդի զինվորները սկսում են հարձակումը հայկական թաղամասի բնակիչների վրա:
Բ. Կարապետյանը նշեց, որ Շուշին այդ ժամանակ 42 հազար բնակիչ է ունեցել, որից 23 հազարը` հայ: Առաջին հարձակումից հետո ադրբեջանցի զինվորներին է միանում «թաթարական թաղամասի խուժանը»` իրականացնելով թալան: Այդ օրը շուրջ 8 հազար հայ է սպանվել, 400 աղջիկների բաժանել են ասկյարներին, իսկ ով կարողացել է, օգտվելով թանձր մառախուղից, փախչել է: Հիմնադրամի ղեկավարը ասաց նաև, որ Ղարաբաղից անմիջական կապի բացակայությունը, երկրամասի լրիվ շրջափակումն անհնարին էր դարձրել լիարժեք տեղեկատվության տեղ հասցնելը:
«Շուշիին զուգահեռ ադրբեջանական ասկյարները ռմբակոծել, ավերել էին հայկական 32 գյուղ, կոտորել բնակչությանը: Շուշիի կոտորածներին նախորդել են մի շարք իրադարձություններ: Նախապես Շուշիի հայկական թաղամասի զորանոցում տեղակայում են Ադրբեջանի բանակի մի զորագունդ` իբր խաղաղությունը պաշտպանելու նպատակով»,- ասաց նա` հավելելով, որ այդ քայլերը ուշադրության չեն արժանացել:
Բ. Կարապետյանի խոսքերով` «Ադրբեջանը կրկին նոր սպանդ է կազմակերպում հայության նկատմամբ». «Շուշիի, Սումգայիթի դեպքերը միմյանց նման են և շարունակվում են, քանի որ հանցագործը չի պատժվել, իսկ այսօր նոր պատերազմի, նոր կոտորածի սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի կողմից: Պետք է միասնական լինել, եթե թույլ ես, ապա դրսից ցանկացած ուժ կարող է հարձակում գործել»:
Բանախոսը կոչ արեց բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին, իշխանությանն ու ընդդիմությանը միակամ լինել` հակառակորդին հակահարված տալու խնդրում: