24/03/2011 14:41
Երկրի ղեկավարն այցելեց «Բանդիվան կաթ» ՍՊԸ
Այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Շիրակի մարզի Ամասիա շրջանի Բանդիվան համայնքում գտնվող «Բանդիվան կաթ» ՍՊԸ:
Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, երկրի ղեկավարը ծանոթացավ ընկերության աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում գործարանի տնօրեն Էդիկ Մովսիսյանը նշեց, որ ընկերությունը 2007-ից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ:
«Արտադրում ենք շուրջ 22 տեսակի պանիր: Նախատեսվում է նաև մոտ ապագայում նոր արտադրատեսակներ շուկա հանել, որոնց թվում կլինեն թանը ու թթվասերը», - ասաց գործարանի տնօրենը:
Է. Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի 10-15 գյուղի շուրջ 140 տնտեսություններից:
Նշենք նաև, որ ընկերությունն օրական մշակում է շուրջ 1000 լիտր կաթ: Գործարանում աշխատում են շրջակա համայնքների 35 բնակիչ, իսկ տնօրենի խոսքերով, կաթը մթերվում է լիտրը 145 դրամով: