24/03/2011 11:53
Լրացավ Շուշիի հայ բնակչության զանգվածային կոտորածի 91 տարին
«1920թ. մարտի 23-ին թուրքական էքսպեդիցիոն կորպուսի զորախմբերը և մուսավաթական զինված ավազակախմբերը հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա, հրկիզեցին հայ մարդկանց պատկանող տները, խանութները, արհեստանոցները: Շուրջ 30 000 հայ դաժանորեն սպանվեց կամ բռնատեղահանվեց իր հարազատ քաղաքից»: Այս մասին ԼՂՀ ԱԺ-ում ունեցած իր ելույթում նշել է խորհրդարանի պատգամավոր Վարդգես Բաղրյանը:
«Անցյալ դարասկզբին կատարված այդ ոճրագործությունը հետապնդում էր մի նպատակ` բռնաճնշել Արցախի գերակշիռ հայ մեծամասնության ազատ ինքնորոշման իրավունքը, փոխել տեղաշրջանի ժողովրդագրական պատկերը, Շուշին վերածել թուրք-ադրբեջանական ազգայնականության միջնաբերդի` այստեղից բխող հեռահար նպատակներով հանդերձ:
Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և, մանավանդ, Հարավային Կովկասի խորհրդայնացման ու, այսպես կոչված, «պրոլետարական ինտերնացիոնալիզմի» քարոզչության պայմաններում միջազգային հանրությունը, ցավոք, լիովին իրազեկված չէր Շուշիի ողբերգության մասին: Ուստի և այդ բարբարոսության կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ:
Անցյալ դարավերջի Արցախյան շարժումը լիովին վերափոխել է իրավիճակը: Շուշին այսօր ընդմիշտ ազատագրված է և կարևորագույն դերակատարություն ունի մեր նորանկախ երկրի քաղաքական, տնտեսական և հատկապես մշակութային կյանքում:
Դատապարտելով 1920թ. մարտի 23-ի ոճրագործությունը, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Շուշին վերագտնի իր երբեմնի փառքը: Արցախի իշխանությունները հենց այդ առաջնահերթությամբ են վերաբերվում Շուշիին` աջակից ունենալով ՀՀ, հայկական Սփյուռքի օժանդակությունը:
Վերածնված և բարգավաճ Շուշին կլինի հայ ժողովրդի հավաքական պատասխանը թուրք-ադրբեջանական բարբարոսությանը: Միայն այդ կերպ մենք կկարողանանք վերահաստատել պատմական արդարությունը, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը:
Հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ավերածություններից փրկել է իր անցյալն ու կառուցել նորը: Շուշին այդ իրողության հերթական վկայությունն է, որ պիտի դուռ բացի դեպի մեր մյուս սրբավայրեր», - ասել է Վարդգես Բաղրյանը: