24/03/2011 09:25
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Լիբիայում մասնակցության հարցը
Այսօր Թուրքիայի խորհրդարանում նախատեսված են քննարկումեր` Լիբիայում ռազմական գործողությունների նպատակով կառավարությանը մանդատի տրամադրման շուրջ: Համաձայն այս երկրի օրենսդրության, հենց խորհրդարանն է իրավասու որոշումներ ընդունել` երկրից դուրս ռազմական գործողություններում զինված ուժերի մասնակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի կիրառման շուրջ Անկարայում բանակցություններ կվարի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը:
Թուրքիան, բազմիցս հայտարարելով, որ չի մասնակցի Լիբիայի դեմ ռազմական գործողություններին, որոշում է ընդունել ռամածովային ուժերի 5 նավ և մեկ սուզանավ տրամադրել այդ նպատակով:
Հատկանշական է, որ Թուրքիայի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, թե իր երկիրը երբեք «զենք չի պահի» Լիբիայի ուղղությամբ:
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն չորեքշաբթի հայտարարությամբ էր հանդես եկել, որ էմբարգոյի կիրառումը պետք է իրականացվի ՆԱՏՕ-ի կողմից ՄԱԿ ԱԽ որոշումների շրջանակներում: