25/03/2011 12:46
Մայրաքաղաքի հրապարակները կհսկվեն տեսախցիկներով
Մայրաքաղաքի 10 հասարակական վայրերում մինչև 2011թ. առաջին կիսամյակի ավարտ տեսախցիկներ կտեղադրվեն: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Նրա խոսքով` տեսախցիկները հիմնականում կտեղադրվեն հրապարակներում` Հանրապետության հրապարակում, Գարեգին Նժդեհ հրապարակում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Մատենադարանի հարակից տարածքում և Մաշտոցի պողոտայի որոշ մարդաշատ հատվածներում:
Ն.Նազարյանը նշեց, որ տեսախցիկների տեղադրումը Կենտրոն համայնքում պայմանավորված է առաջին հերթին նյութական միջոցների սղությամբ, քանի որ ֆինանասկան վարչությունը հաշվարկել է, որ դրանք ողջ քաղաքով տեղադրելը բավական թանկ արժէ, ինչպես նաև մարդաշատ վայրերում հանցագործությունների շատությամբ:
«Տեսախցիկների դրական կողմը կլինի այն, որ հանցագործություն կատարող անձանց, ովքեր կարող էին խուսափել ոստիկան չլինելու պատճառով, հեշտությամբ կբացահայտենք, ինչպես նաև կֆիքսենք ոստիկան-ժողովուրդ շփումը»,- ասաց նա` չնշելով, թե մեկ տեսախցիկը որքան արժե:
Վարչության պետը նշեց նաև, որ տեսախցիկները նկարելու են 24 ժամ ու ինքը չի կարող նշել տեղադրվելիք տեսախցիկների քանակը:
«Ինչքան շատ տեղադրենք , այնքան մեր օգուտն է»,- եզրափակեց նա: