25/03/2011 10:07
ՄԱԿ-ը Հայաստանի բնակիչների հետ նշում է «Երկրի ժամ»-ը
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան մարտի 26-ին ժամը` 20:30-21:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու «Երկրի ժամ»-ը: Լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում, հայտնում են ՄԱԿ հայաստանյան գրասենյակից:
Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 128 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:
«Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:
«Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:
Նյու Յորքի գրասենյակում «Երկրի ժամ»-ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաև մյուս գրասնեյակները, ինչպես նաև աշխարհի շատ երկրներ և կազմակերպություններ:
Այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ասաց,- «Հարգելի ընկերներ, աշխատակիցներ և գործընկերներ եկեք մեկ անգամ ևս միանանք այս համընդհանուր շարժմանը Հայաստանում և եկեք մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններում, եկեք պաշտպանենք երկրագունդը և երաշխավորենք մարդկային բարեկեցությունը»: