26/03/2011 13:26
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի թատերական գործիչներին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության թատերական գործիչների հետ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է Արցախի թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչերին Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտում տիրող իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նախագահը նշել է, որ թատրոնը հանդիսանում է ազգային մշակույթի ու համամարդկային արժեքների պահպանման կարևորագույն միջոցներից մեկը, և դժվար է գերագնահատել նրա դերը պետության ու հասարակության կյանքում` հատկապես ներկա պայմաններում:
Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում:
Բակո Սահակյանն այս խնդիրների շարքին է դասել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերականգնումը՝ հավելելով, որ իր կողմից համապատասխան հանձնարարական է տրվել այս նախագիծը մշակելու վերաբերյալ:
Նախագահ Սահակյանը ոչ պակաս կարևոր է համարել նաև երիտասարդ և արհեստավարժ կադրերի պատրաստումը, կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը: