28/03/2011 09:37
Ադրբեջանական ուժերը կիրառել են նաև «ԱԳՍ» տիպի նռնականետեր
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1800 կրակոց:
«Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 20-ին, 21-ին և 25-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ բացի այլ հրաձգային զինատեսակներից, մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական ուժերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ կիրառել են նաև «ԱԳՍ» տիպի նռնականետեր` արձակելով ավելի քան 10 արկ», - ասված է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունում:
Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը: