28/03/2011 18:28
ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ ՀՌԱՀ նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով կարևոր հիմք հետագա փոխգործակցության զարգացման համար:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: