28/03/2011 14:22
Կայացավ ՀՀ-ում գործող դոնոր կազմակերպությունների հանդիպումը
Այսօր կայացավ Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների 2011թ. անդրանիկ հանդիպումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի համանախագահությամբ:
ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` հանդիպման նպատակն էր Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների հետ քննարկել Հայաստանի Կայուն զարգացման ծրագրի վերանայման, արտահանման խթանման, դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունների և ձևաչափի ճշգրտման ու համակարգման մի շարք հարցեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարն իր խոսքում մասնավորապես նշեց. «Թեև Կայուն զարգացման ծրագրում դրված ռազմավարական ուղղությունները պահպանում են իրենց արդիականությունը, այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջանում ճշգրտելու մեկնարկային պայմանները, քաղաքականության իրականացումից ակնկալիքներն ու դրանց արդյունավետության գնահատման ցուցիչները: Ելնելով նշված հանգամանքներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս էկոնոմիկայի նախարարության, նախաձեռնում է Կայուն զարգացման ծրագրի վերանայման գործընթացը: Իսկ այդ գործում, բացի քաղաքացիական հասարակության ինստիտուտներից, մեծ դերակատարում կունենան նաև Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները և միջազգային կառույցները»:
Օրակարգի երկրորդ հարցի` արտահանման խթանման առնչությամբ ծավալված քննարկման ժամանակ Տիգրան Դավթյանը նշեց, որ այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավարություն և այս գործում ևս ակնկալվում է, որ նախարարության հիմնական գործընկերներ կհանդիսանան Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները` մասնավորապես տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կառույցները (WB, GTZ, USAID, UNDP և այլն):
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան կարևորեց նոր ձևաչափով դոնոր կազմակերպությունների տարվա առաջին հանդիպումը: Այն աներկբայորեն վկայում է կառավարության առավել շահագրգիռ ներգրավվածության մասին դոնոր կազմակերպությունների գործունեության համակարգման գործում: Նշյալ գործընթացը կնպաստի դոնոր կազմակերպությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն` ազգային առաջնահերթություններից բխող:
Դաֆինա Գեռչևան նաև կարևորեց այս տարվա փետրվարին Հայաստանի կողմից առաջին անգամ «Օգնության արդյունավետության Փարիզի հռչակագրի մոնիտորինգին» մասնակցության հանգամանքը: Միջազգաին հանրության կողմից այն ընկալվում է որպես Հայաստանի կառավարության և դոնոր համայնքի համատեղ ներգրավվածության դրսևորում միջազգային մակարդակով ընթացող համապատասխան գործընթացներին: