29/03/2011 13:47
Արցախում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ մարտի 29-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների ու իրականացվելիք միջոցառումների և 2011թ. փետրվարի 14-ից 18-ը Արցախի Հանրապետության զինված ուժերի և ուժային կառույցների համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման արդյունքների մասին հարցերը: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Պարենային անվտանգության ապահովման շուրջ զեկույցով հանդես է եկել վարչապետ Արա Հարությունյանը: Ելույթներ են ունեցել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը:
Հաշվի առնելով պարենային անվտանգության ռազմավարական կարևոր նշանակությունը Արցախի համար՝ Բակո Սահակյանը նշել է, որ չնայած այդ ուղղությամբ տարվում է բավականին աշխատանք, սակայն դեռևս կան էական խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ և համալիր լուծում:
Նախագահը կառավարությանը հանձնարարել է մշակել պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ծրագիր և պարբերաբար զեկուցել նրա իրականացման ընթացքի մասին:
Օրակարգի երկրորդ հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այնուհետև ելույթներ են ունեցել ուժային կառույցների ղեկավարները:
Երկրի ղեկավարը կառավարությանը և զորավարժությունների անցկացման գործում ներգրավված համապատասխան մարմիններին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ և պարբերաբար զեկուցել տարվող աշխատանքների մասին: