29/03/2011 18:11
Բակո Սահակյանն ընդունել է ՀՊՃՀ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, բուհի կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և գլխավոր վարչությունից:
Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դերը ինչպես Արցախի բարձրագույն կրթության զարգացմանն աջակցելու, այնպես էլ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Նախագահը կարևորել է նաև հայաստանյան այս առաջատար բուհի և Արցախի պետական համալսարանի միջև կապերի ամրապնդումը՝ այն համարելով երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր պայմաններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: