31/03/2011 12:23
«Մինչև երկիրը չձերբազատվի կոռուպցիայից` չի զարգանա»
«Մինչև երկիրը չձերբազատվի կոռուպցիայից` չի զարգանա»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Վաճառականների Միություն» ՀԿ-ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանը` նշելով, որ մեղավոր են թե՛ չինովնիկները, թե՛ գործարարը, որի համար օրվա հաց վաստակելը դարձել է կյանքի իմաստ:
Նրա խոսքով, ժամանակին գործարարներն իրենց շահերը պաշտպանում էին դատարաններում: Մինչև 2004 թ. ՀԿ-ն 54 դատական հայցեր է պաշտպանել դատրաններում և ոչ մի պարտություն չի կրել: Գործարարը գիտեր, որ դատարանում արդարադատություն կգտնի, մինչդեռ այժմ վերացվել են տնտեսական դատարանները, որոնք արագ և օպերատիվ լուծումներ էին տալիս հարցերին: Ց. Գևորգյանը նշեց, որ 2009 թ. դեկտեմբերից մի դատական գործընթացի են հետամուտ, որը մինչև հիմա չի ավարտվել և շարունակվում է: Դատերը տեղի են ունենում 4-5 ամիսը մեկ անգամ, քանի որ վարչական դատարանը գերծանրաբեռնված է:
Ց. Գևորգյանի խոսքով, թեև կառավարությունը որոշել է փոքր ու միջին բիզնեսին ազատել ստուգումներից, բայց երբեմն ՀԿ-ում ահազանգեր են ստացվում, որ գալիս և գործարարներին անհանգստացնում են
Անդրադառնալով բացօթյա առևտրականների խնդրին` Ց. Գևորգյանը նկատեց. «Մայթերը պետք է մաքրվեն: Դրանում ոչ մի խոսք: Բայց պետք է ժամանակ տրվեր` առևտրականներին իրենց հոգսերը հոգալու համար»:
Հարկային փոփոխությունները դրական գնահատելով` Ց. Գևորգյանը հարցադրում արեց` արդյոք կկիրառվե՞ն: Նրա խոսքով, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի չի կարելի աշխատել, բայց դա «չի վերաբերվում տանիք ունեցողներին»:
Նա կոչ արեց քաղաքացիներին` պահանջել ՀԴՄ կտրոնները` անկախ դրանք կշահեն, թե ոչ: