31/03/2011 13:57
Արցախ առաջին թռիչքի առաջին ուղևորներից մեկը ՀՀ Նախագահն է
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունն իրավունք ունի օգտվել օդային տրանսպորտի ծառայությունից: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող: Կասկած չի կարող լինել նաև, որ ԼՂՀ և ՀՀ իշխանությունները պետք է այնպիսի քայլեր ձեռնարկեն, որպեսզի այս խնդիրը համաձայնեցնեն պատկան մարմինների հետ»,- այսօր Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարության և արտգործնախարարության այն հայտարարությանը, թե Բաքուն ցանկացած գնով` նույնիսկ ոչնչացնելով օդանավերը, կկանխի Երևան – Ստեփանակերտ քաղաքացիական ավիացիայի չվերթները:
«Վստահ եմ, որ այս գործընթացն ունենալու է իր դրական ավարտը: Ինչ վերաբերում է հայտարարությանը՝ ապա այդպիսի հայտարարություններ աշխարհի պատմության մեջ քիչ չեն եղել: Բայց այստեղ մի «բայց» կա: Այդ հայտարարությունները միշտ հնչել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից, և որևէ պետության կողմից նման հայտարարություն չի եղել: Պետության կողմից այդպիսի հայտարարության հնչեցնելը մառազմ է` հիվանդ մարդկանց ելույթներ: Ի՞նչ է նշանակում, որ պետությունն ասում է, որ կոչնչացնի քաղաքացիական օդանավ: Այս հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա, բայց ես կարող եմ հայտարարել, որ առաջին թռիչքի առաջին ուղևորներից մեկը ես եմ լինելու` Հայաստանի Հանրապետության նախագահը»,- հայտարարեց Հանրապետության ղեկավարը:
Նկատենք, որ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը չմեկնաբանեց ադբեջանական պաշտոնյանների այդ զավեշտալի հայտարարությունը` ասելով.
«Մենք հետաքրքրությամբ ենք հետևում իրադարձություններին և ընդհանրապես` Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացներին: Անշուշտ, հակամարտությունը գտնվում է Մինսկի խմբի շրջանակներում, որի ակտիվ անդամ չենք: Բայց պետք է ասեմ, որ վերջերս այցելել եմ Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահի հետ և խոսել եմ նաև նախագահ Սարգսյանի հետ մեր հանդիպման մասին»: