01/04/2011 11:25
Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում դաշտային գնահատում է պետք
«ԵԱՀԿ կողմից անցկացված դաշտային գնահատման առաքելությունը պետք է անցկացվի նաև ԼՂ այն շրջաններում, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիոն զորքերի վերահսկողության տակ»,- այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԺ Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը:
«Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցային գործընթացում անընդունելի է որևէ սուբյեկտիվ մոտեցում, քանի որ այն միանշանակ խոչընդոտելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս առումով «Ազատ Հայրենիք» կուսակցությունը չի կիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հրապարակած անցած տարվա հոկտեմբերի 7-12-ը անցկացված դաշտային գնահատման առաքելության թեկուզ ամփոփագրում տեղ գտած ոչ բոլոր ձևակերպումները:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, քանի որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում համանախագահների կողմից ակնկալում ենք օբյեկտիվ մոտեցում: Սակայն բանակցային գործընթացում հավասարության սկզբունքը պահելու համար ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ է, որպեսզի միջնորդների կողմից ցանկացած նախաձեռնություն իրականացվի` հաշվի առնելով հակամարտության մեջ ընդգրկված բոլոր կողմերի շահերը:
Այդ տեսակետից անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներում ԵԱՀԿ կողմից անցկացված դաշտային գնահատման առաքելությունն անցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի Մարտունու, Մարտակերտի և Շահումյանի շրջանի այն հատվածներում, Գետաշենի ենթաշրջանում, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական օկուպացիոն զորքերի վերահսկողության տակ:
Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ 2005թ փետրվարին նույն տարածքներում անցկացված նմանատիպ առաքելությունը բանակցային գործընթացում որևէ առաջընթաց քայլ չապահովեց և չէր էլ կարող ապահովել, քանի որ այն միակողմանի էր և չէր համապատասխանում առաքելության էությանը:
Հետևապես միջնորդների կողմից ձեռնարկված երկրորդ դաշտային առաքելությունը եթե շարունակություն չունեցավ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում, ապա որևէ դրական արդյունք չի կարելի ակնկալել:
Ավելին, տեղին ենք համարում զգուշացնել, որ նման առաքելությունները ոչ միայն չեն նպաստում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, այլև մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի իշխանություների ոչ կառուցողական դիրքորոշումն ավելի է ամրապնդվում: Շփման գծում ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները, Ադրբեջանի իշխանությունների կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական բյուջեի ամենամյա բազմապատկումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ոչ թե տրամադրված է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն, այլև միտված է բանակցային պրոցեսի տապալմանն, ինչը ցույց է տալիս պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն տարածարջանում երկարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:
Մասնավորապես հարկ ենք համարում նշել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համանախագահների կողմից առաջարկվող ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման երեք հիմնարար սկզբունքները Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվում են մերժվել:
Մենք ափսոսանք ենք հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահների և համանախագահների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ցուցաբերվող շարունակական ջանքերը, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ անտեսվում է, առայսօր համանախագահների կողմից որևէ քաղաքական գնահատական չի ստացել: Այդ մասին է վկայում նաև սույն թվականի մարտին Սոչիում եռանախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված կարճաժամկետ պայմանավորվածությունների խախտումն Ադրբեջանի կողմից, իսկ օրերս քաղավիացիայի վերաբերյալ այդ երկրի իշխանություների կողմից արված ահաբեկչական հայտարարությունները դուրս են բոլոր տեսակի քաղաքական և մարդասիրական մակարդակներից:
Դատապարտելով Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությունը`«Ազատ Հայրենիք» կուսակցությունը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` կոչ անելով իր նախաձեռնություններում և գնահատականներում լինել օբյեկտիվ` հակամարտող կողմերի համար պահպանելով վստահության քվեն»,- նշված է հայտարարության մեջ: