01/04/2011 12:21
Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը սատարում է ժողովուրդների ինքնորոշումը
Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն` Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռընե Ռուքեն տեղական քաղաքային մամլո օրգանում «Ժողովուրդների գարուն» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ աջակցություն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
«Արաբական ժողովուրդների կողմից իրենց ազատության համար մղվող պայքարի շուրջ վերջին շաբաթների իրադարձությունները թույլ են տալիս բազմաթիվ դասեր քաղել: Դա շարժում է` հանուն ազատության, որի ճակատագիրը որոշվում է հենց մեր աչքերի առջև, մեզ հիշեցնում է ժողովուրդների ձգտումները հասկանալու և հարգելու անհրաժեշտության մասին, քանի որ ժողովրդավարության ձգտումը համամարդկային արժեք է հանդիսանում աշխարհի բոլոր ծայրերում:
Այս կապակցությամբ, թույլ տվեք հիշեցնել աշխարհի մեկ այլ տարածաշրջանում` Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին, ովքեր խիզախորեն պայքարում են Ադրբեջանի դեմ, որը փորձում է բռնի կերպով ճնշել մեզ բարեկամ այս ժողովրդի` հարազատ հողում, սեփական Հանրապետության մեջ ազատ ապրելու կամքը: Այսօր` անպատիժ մնացած հայոց ցեղասպանությունից 95 տարի հետո, ավելի քան երբևէ ես վերահաստատում եմ հայերի ինքնորոշման անքակտելի իրավունքը»,- մասնավորապես, նշվում է ֆրանսիացի պատգամավորի հոդվածում:
Նա կոչ է արել իր երկրին և ֆրանսիական դիվանագիտությանը հարգել «տևական խաղաղության ձգտող և դրան հասնելու համար հերոսաբար պայքարող ժողովուրդներին»: