02/04/2011 09:24
Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է «Ցասման օրվանը»
Ադրբեջանի ընդդիմադիր Հասարակական պալատը (ՀՊ), որի կազմի մեջ են մտնում մի շարք քաղաքական կուսակցություններ և շարժումներ, այսօր մտադիր է փողոց դուրս գալ` պահանջելով ժողովրդավարական բարեփոխումներ, խոսքի և հավաքների ազատություն և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՀՊ ներկայացուցչին:
Ընդդիմությունը իրազեկել է Բաքվի քաղաքապետարանին մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին, սակայն մերժում ստացել վերջինիս կողմից:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ չարտոնված հանրահավաքը վճռականորեն կճնշվի:
Հիշեցնենք, որ նախօրեին Amnesty International ոչ կառավարական միջազգային կազմակերպությունը տվյալներ էր տարածել, թե Ադրբեջանում ձերբակավել է 11 ընդդիմադիր քաղաքական գործիչ, որոնք մտադիր էին մասնակցել շաբաթ օրը Բաքվում կայանալիք «Ցասման օրվանը»:
Եվրոպայում և Ասիայում Amnesty International -ի ծրագրերի տնօրենի տեղակալ Ջոն Դոլհուիսենը դատապարտել էր «ադրբեջանական կառավարության բռնաճնշումները»:
«Ադրբեջանական կառավարության կանխարգելիչ բռնաճնշումները` ուղղված բարեփոխումներ պահանջողների դեմ, լայնածավալ էին և դաժան», - համաձայան Բի-բի-սի-ի, հայտարարել է Amnesty International-ի ներկայացուցիչը: