02/04/2011 14:35
Շ. Քոչարյան. Հերքվեցին ադրբեջանական քարոզչական հնարքները
«Ըստ էության, հերքվեց ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, այն քարոզչական հնարքները, թե այդ տարածքներում, իբր, գործում են այսպես կոչված նարկոթրաֆիքի ուղիներ, որ այդտեղ ատոմային թափոններ են պահեստավորում, ինչ-որ ահաբեկչական խմբերի ճամբարներ են»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային առաքելության վերաբերյալ հրապարակած ամփոփ զեկույցը՝ «Հայլուր»-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ զեկույցը ներկայացվել է երկու հայկական կողմերին` և' Հայաստանի Հանրապետությանը, և' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Նրա խոսքերով, իրականում, այդ ողջ տարածքը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, այնտեղ կա կանոնավոր բանակ, և ի տարբերություն Ադրբեջանի, որն օգտագործում էր հայտնի միջազգային ահաբեկչական կենտրոնների գրոհայիններին՝ թվով մոտ 2000 հոգի, պատերազմի ժամանակ ղարաբաղյան բանակը հաղթել է կանոնավոր բանակով և կամավորներով: