05/04/2011 11:08
Ահմադինեժադ. Բուշերում ճապոնական աղետը չի կրկնվի
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ համոզմունք է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունում ռուս մասնագետների կողմից կառուցվող Բուշերի ԱԷԿ-ին ճապոնական աղետի կրկնողությունը չի սպառնում:
«Որքան ինձ հայտնի է, «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում ավերվածությունները տեղի էին ունեցել ոչ թե երկրաշարժի, այլ ցունամիի հետևանքով: Ալիքների բարձրությունը գերազանցում էր 14 մետրը, իսկ արագությունը ժամում 800 կիլոմետր էր կազմել: Կարելի է պատկերացնել, թե ինչ ահավոր հարված էր հասցված», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` ասել է Իրանի նախագահը:
Նրա խոսքով` Պարսից ծոցում նման աղետի կրկնողությունը, «որտեղ մենք ականատես չենք եղել ցունամիի, խիստ անհավանական է»:
«Բացի այդ, «Ֆուկուսիման» կառուցվել է 40-50 տարվա վաղեմության տեխնոլոգիաներով, այն ժամանակ, որ ռուսների կողմից Բուշերում ԱԷԿ-ը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներին, Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության կողմից հաստատված չափորոշիչներին և անվտանգության պահանջներին համապատասխան: Չեմ կարծում, որ Բուշերում կարող է նման բան տեղի ունենալ», - ընդգծել է ԻԻՀ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ Իրանի առաջին ԱԷԿ-ը «գտնվում է շահագործման հանձնելու նախաշեմին, լուծվում են վերջին տեխնիկական խնդիրները:
Մ.Ահմադինեժադը նաև ցավակցություն է հայտնել ճապոնացի ժողովուրդին և մաղթել իրավիճակի արագ բարելավում: