06/04/2011 09:46
Դիտարկվում է հայ և թուրք գործարարների համագործակցությունը
Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) և Թուրքիայի Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդն (TABDC) աշխատանքներ են իրականացնում հայ և թուրք գործարարների միջև ըստ ոլորտների համագործակցության հնարավորությունները պարզելու շուրջ: Ինչպես Aysor.am-ին հայտնեց ՀԱԳՄ գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը, նախնական ընտրվել են 7 ոլորտներ` զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ, սննդի վերամշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և շինարարություն:
«Փորձում ենք տեսնել, թե ինչ ներուժ կա այդ ոլորտներում երկու երկրներում, կտրվի դրանց ուժեղ և թույլ կողմերի գնահատականը»,- ասաց Գ. Մակարյանը:
Նշենք, որ TABDC-ն օրերս հայտարարել էր, որ նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների վարչություն ստեղծել հայ և թուրք գործարարների համար, ովքեր ցանկանում են համատեղ բիզնեսով զբաղվել:
Գ. Մակարյանի խոսքով, այդ գաղափարի շուրջ աշխատանքները վաղուց էին տարվում, սակայն դեռևս հստակեցված չեն վարչության կազմն ու գործառույթները. «Նման կառույցի ձևավորումը օգտակար կլինի, որ համագործակցություն սկսելուց առաջ նախապես տեղեկատվություն ապահովվի օրենսդրության, շահերի պաշտպանության և այլ հարցերի շուրջ: Այն կփորձի գործարարներին ուղղորդել ըստ ոլորտների և համագործակցությունը ճիշտ ձևավորել»:
Թուրքական կողմն առաջարկում է գործարարների միջև ծագող վեճերը լուծել TABDC-ի արբիտրաժային դատարանի միջոցով, սակայն Գ. Մակարյանը գտնում է, որ այդ կառույցը պետք է ընկերակցային բնույթ կրի, խնդիրները լուծվեն ՀԱԳՄ-ի և TABDC-ի մակարդակով` նպատակ ունենալով կողմերին հաշտեցնել: Գ. Մակարյանի կարծիքով, արբիտրաժային դատարանի գործունեությունը ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Հայաստանում հնարավոր չի լինի ապահովել` հոգեբանական, բարոյական ու օրենսդրական պատճառներով, իսկ երրորդ երկրում արբիտրաժային բողոքները մեկնարկելը ծախսերի, լեզվական և այլ դժվարությունների հետ է կապված:
Գ. Մակարյանը նշեց, որ նախկինում հայ և թուրք գործարարների միջև «եզակի դեպքերում» խնդիրներ ծագել են, սակայն ընդհանուր առմամբ նա հայ-թուրքական գործարար շփումը դրական գնահատեց: