07/04/2011 10:36
Մեկնարկել է հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը
Այսօր Երևանում մեկնարկել է հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, չինական կողմից` ՉԺՀ առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սուն Իյունֆուն:
Ողջունելով հյուրերին` Ա. Պետրոսյանը նշեց, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար:
«Շատ ուրախ եմ այստեղ ծանոթանալ իմ գործընկերոջ հետ»,- ասաց Ս. Իյունֆուն:
Նա նույնպես կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը. «Մենք հուսով ենք, որ այսօրվա աշխատանքը կնպաստի նաև Չինաստանի նախագահի այցը նախապատրաստելուն»:
Հայկական և չինական մասնակիցները ներկայացրեցին երկու երկրների տնտեսական վիճակի համառոտ նկարագիրը: Նիստի ընթացքում կողմերը քննարկում են հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Հայաստան այցի շրջանակներում ՉԺՀ պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ, կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կծանոթանա Հայաստանի պատմամշակութային արժեքներին:
1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան կատարված ներդրումները կազմել են 1326.8 հզ. դոլար, իսկ ուղղակի ներդրումները` 1312.2 հզ. դոլար: 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ Չինաստանից Հայաստան կատարված ընդհանուր ներդրումները կազմել են 2.7 հզ. դոլար: Հայաստանում ներկայումս գրանցված է չինական կալիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություն:
ՀՀ և ՉԺՀ միջև ապրանքաշրջանառության ծավալը վերջին 3 տարիների ընթացքում ավելացել է մոտ 2 անգամ: 2010-ին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 436.7 մլն դոլար և 2009 թ. համեմատ ավելացել է 44.4 %-ով, այդ թվում` Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է 73.6 %-ով և կազմել 30.9 մլն դոլար, իսկ ներմուծումը` 42.6 %-ով և կազմել 405.8 մլն դոլար: