07/04/2011 11:11
Հաշմանդամ հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել
Ռուսաստանի Դաշնության Ձերժինսկ քաղաքում ապրիլի 6-ին մեկնարկած հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՌԴ 2011 թ. լողի բաց առաջնության առաջին օրը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի երեք լողորդները հիանալի հանդես եկան:
Առաջին օրվա արդյունքներով մեր մարզիկները նվաճել են չորս մեդալ` մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե: Նրանք հաղթահարել են 50 մ լողատարածությունը` ազատ ոճում, և 100 մ լողատարածությունը` բրաս լողաձևում:
Ֆեդերացիայից հայտնում են, որ առաջնության երկրորդ օրը մեր մարզիկները կմրցեն 50 մ թիկնալող և 400 մ ազատ ոճ մրցաձևերում:
ՌԴ 2011 թ. լողի բաց առաջնությունն ընդգրկված է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի միջազգային մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցում են նաև ՌԴ և Ղազախստանի ավելի քան երեք հարյուր մարզիկներ: