08/04/2011 11:22
«Հայկական բիզնեսն ընդլայնվում է դեպի Արցախ»
Այսօր Երևանում մեկնարկել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 11-րդ համագումարը, որին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դավթյանը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ՏՏ ոլորտի, միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարեն Եսայանը ողջունեց ԻՏՁՄ գործունեությունը: Ըստ նրա` իրական ձեռքբերումների սկիզբ կարելի է համարել այն, որ անցած անմռանն Արցախի ներկայացուցիչների համար շրջայց կազմակերպվեց հայկական ՏՏ ձեռնարկություններում. «Համոզվեցինք, որ հայ ճարտարագետը կարող է արդյունք ստեղծել, որը գնահատվում է ամբողջ աշխարհում: Հայկական բիզնեսն ընդլայնվում է դեպի Արցախ: Ոչ թե տեղափոխվում է, այլ ընդլայնվում է»,- շեշտեց Արցախի նախարարը:
Նրա խոսքով, դրան նպաստում է Արցախի բիզնես միջավայրը. «Հարկային դաշտը որոշակի նախադրյալներ է ստեղծում, կա 2 կարևոր հիմք` եկամտահարկը, որն ավելի մեղմ է և պրոգրեսիվ չէ` ի տարբերություն ՀՀ-ի, և շահութահարկը, որը նույնպես մեղմ է»:
ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը նշեց, որ միությունը որակապես աճ է ունեցել, հետաքրքիր լուծումներ են եղել, շատ ընկերություններ ունեցել են լավ արդյունքներ:
«Կայացան լավ մրցույթներ, օրինակ ռոբոտները, ձևավորվում է մի կրիտիկական զանգված, որ հետաքրքրված է այս ուղղությամբ: Այս տարի միությունը դրեց ևս մի մրցույթի հիմք` խաղերի և մոբայլ ծրագրերի, որը մեկ-երկու տարվա մեջ կդառնա կայացած միջոցառում»,- նշեց Հ. Ավոյանը:
Նրա համաձայն` դրական համագործակցություն է սկսվել ՊՆ հետ, թե ինչպես ՏՏ-ն կիրառել բանակում, որպեսզի մասնագետները ոչ թե կորցնեն իրենց հմտություները, այլ բանակում ևս կիրառեն դրանք, ինչպես նաև հաջող աշխատանքային խումբ է գործում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
Համագումարի ժամանակ կընդունվեն ԻՏՁՄ 2011-2013 թթ. ռազմավարությունը և միության 20-ամսյա գործողությունների ծրագիրը:
Նախատեսվում է ևս 3 կազմակերպության անդամակցություն, որի դեպքում ԻՏՁՄ անդամների թիվը կհասնի 53-ի: