08/04/2011 14:38
Հայաստանի ու Վրաստանի մարզական կապերը կամրանան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով նորանշանակ դեսպանին` նախարար Արթուր Պետրոսյանը նրան արդյունավետ աշխատանք է մաղթել: Անդրադառնալով մի քանի ամիս առաջ Վրաստան կատարած աշխատանքային այցին` նախարարն ընդգծել է, որ այցի շրջանակներում քննարկվել են երկու երկրների սպորտի և երիտասարդության բնագավառներում առկա գերակա խնդիրները, և նախանշվել են սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հեռանկարները: Այս տարի նախատեսվում է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վլադիմիր Վարձելաշվիլիի պատասխան այցը Հայաստան:
Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար` շեշտելով, որ հաջորդ հանդիպումներին կներկայանա համագործակցության կոնկրետ ծրագրերով: «Եթե լինեն սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը միտված ծրագրեր, մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի դրանք կյանքի կոչվեն»,-նշել է նախարարը:
Ամփոփելով հանդիպումը` նախարար Արթուր Պետրոսյանն ընդգծել է, Հայաստանի ու Վրասռտանի միջև սպորտի և երիտասարդության ոլորտներում կապերի հաստատման վերաբերյալ գործող պայմանագրեր կան, և, հաշվի առնելով առկա ներուժը, անհրաժեշտ է զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: