08/04/2011 13:45
Երևանում բացվեց «Շինարարություն և վերանորոգում EXPO 2011»-ը
Այսօր Երևանում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այն կազմակերպել է «Լոգոս Էքսպո» կենտրոնը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունեց ցուցահանդեսի բացումը և նշեց, որ շահագրգիռ բոլոր կազմակերպությունները ջանքեր են ներդրել, որպեսզի այն կայանա:
«Մենք համոզված ենք, որ այս ցուցահանդեսն, ընդհանուր առմամբ, նպաստելու է շինարարական ոլորտի զարգացմանը և, հուսով եմ, որ այս ցուցահանդեսը կգտնվի ոլորտի բոլոր պրոֆեսիոնալների ուշադրության կենտրոնում, կնպաստի նոր գաղափարների առաջացմանը, նոր պայմանագրերի կնքմանը, քանի որ շինարարության ոլորտում որակի բարձրացման համար` և՛ ծառայությունների մատուցման առումով, և՛ տնտեսական ցուցանիշների առումով մենք թերևս լուրջ անելիքներ ունենք, և համզված եմ, որ նման միջոցառումն իր լուման է ներդնելու այս բնագավառում զարգացումներ ապահովելու համար»,- ասաց Տ. Սարգսյանը:
«Շինարարություն և վերանորոգում EXPO»-ն ամենախոշորն է Հայաստանում և մեծ խթան է մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:
Ցուցահանդեսին մասնակցում են խոշոր շինարարական ապրանքանիշեր ներկայացնող ավելի քան 100 կազմակերպություններ Հայաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իրանից:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինարարական նյութեր, փայտյա և մետաղյա հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման համակարգեր, անվտանգության համակարգեր, կերամիկա և քար, պատերի և առաստաղների դեկոր, հատակի ծածկեր, լողավազաններ և այլն: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են նաև կլոր սեղաններ:
Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 10-ը: