11/04/2011 13:53
Ռ.Հակոբյան. «Զիջում չկա, կա փոխադարձ շահ»
«3 տարի շարունակ ՀԱԿ-ը քաղաքական պահանջների բառապաշարում անընդհատ ասել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին, և դա տրամաբանական է քանի որ 2008-ի նախագահական ընտրությունների կեղծիքներից հետո եղավ այն, ինչ եղավ: Իսկ ովքեր խոսել են արտահերթ խորհրդարանական, ապա` նախագահական ընտրությունների մասին, ՀԱԿ-ի կողմից դիտվել են որպես կեղծ ընդդիմություն: Իսկ այժմ խոսքը գնում է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, որովհետև երկխոսությունը ՀԱԿ-ի և իշխանության միջև պետք է համապատասխանի երկկողմանի շահերին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Նա պարզաբանեց, որ շահ ասելով նկարտի ունի այն, որ ՀԱԿ-ը հայտնվել էր փակուղում, և այնտեղից դուրս գալու համար դա անհրաժեշտ էր, հակառակ դեպքում` կլիներ նոր մարտի մեկ. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է այնքան զիջումների գնալ, որ խոսվի նաև արտահերթ նախագահական ընտրությունների մասին: Ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք բացարձակապես սկզբունքներից հրաժարված, վերին նշաձողից հրաժարված քաղաքական ուժի հետ, որը մանիպուլյացիաների միջոցով ուզում է ցույց տալ, որ իշխանություններն իր ճնշման շնորհիվ կարող են գնալ ինչ-ինչ զիջումների: Զիջում չկա, կա փոխադարձ շահ»:
Հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, այնումաենայնիվ, կառաջադրվի՞ նախագահական ընտրություններում, Ռ. Հակոբյանը պատասխանեց, որ Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ճիշտ ձևակերպում է տվել, որ որքան շուտ հրաժարվեն «Լևոն, նախագահ» լոզունգից, այնքան ավելի առողջ կլինեն զարգացումները ներքաղաքական կյանքում: