12/04/2011 10:57
Երևանում ընթանում է հայ-չինական գործարար համաժողովը
Երևանում ընթանում է հայ-չինական գործարար համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայկական զարգացման գործակալությունը:
Բացմանը ներկա էին ՉԺՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը, ՉԺՀ Առևտրի փոխանախարար Ջուն Շանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Համաժողովին մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 22 ընկերություն` բանկային ոլորտ (վարկավորում և խորհրդատվական ծառայություններ), մեքենաշինություն, գազերի փական, ազդանշանային արտադրություն, ենթակառուցվածքներ, ավիատեխնիկայի արտահանում և ներմուծում, ճանապարհաշինության նախագծերի իրականացում և ներդրումներ, գյուղատնտեսական ապրանքների վերամշակում և վաճառք, հեռահաղորդակցության սարքավորումների, էլեկտրական ապրանքների արտադրություն, հեռահաղորդակցություն և կապ, տրանսպորտային ցանց, գազային էլեկտրակայանի և հողմաէներգիայի սարքավորման մատակարարում և այլն:
«Սա լավ պլատֆորմ է տնտեսական համագործակցության ընդլայնումը քննարկելու համար: Վերջին շրջանում մեր հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում, և Չինաստանը Հայաստանի համար դարձել է կարևորագույն գործընկեր»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` նշելով, որ 2010 թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 44 %-ով:
Հայաստանը և Չինաստանը միաժամանակ են ընդունվել Առևտրի համաշխարհային կազմկերպություն: Նախարարի խոսքով` մեր օրենսդրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին, և տնտեսական համագործակցության համար լավ հիմքեր կան:
«Քաղաքական հարաբերությունների մակարդակը բավականին բարձր է, և մեր խնդիրն է տնտեսական հարաբերություննները բարձրացնել նույն մակարդակին»,- շեշտեց Տ. Դավթյանը:
Այժմ մեկնարկում է համաժողովի գործնական մասը. ներկայացվելու են տնտեսության և ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդեսներ: