12/04/2011 14:09
Հայկական և չինական ռադիոկայանները կհամագործակցեն
Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանն (FM 106.5) ու Չինաստանի միջազգային ռադիոն այսօր հայտարարեցին համատեղ ծրագրեր սկսելու մասին: Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՉԺՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունին, պաշտոնական այլ անձինք:
Նշենք, որ «Իմպուլս» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Կորյուն Խումարյանը և Չինաստանի միջազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Վան Գենյանը ստորագրել են Համագործակցության հուշագիր:
«Նախատեսում ենք համատեղ ռադիոծրագրերի արտադրություն Չինաստանի և Ասիայի վերաբերյալ: Այսինքն, սա Ասիայի ձայնն է Հայաստանում: Մենք ունենք «Ազատություն» ռադիոկայան, «Բի-բի-սի» և այլն, սա էլ չինական ներկայությունն է մեր տեղեկատվական դաշտում, ինչը շատ կարևոր է»,- Aysor.am-ին ասաց «Իմպուլսի» ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանը:
Չինաստանի միջազգային ռադիոկայանի ռուսական ծառայության աշխատակից Ձինձին Շենը նշեց, որ Չինաստանի միջազգային ռադիոն միակ չինական կայանն է, որ հեռարձակվում է նաև այլ երկրներում. Այժմ մենք գործընկերներ ենք փնտրում աշխարհի բոլոր ծայրերում: Մեր գլխավոր նպատակն է աշխարհին ծանոթացնել Չինաստանին, և հակառակը»: Ձ. Շենի խոսքով, Հայաստանը 56-րդ երկիրն է, որտեղ տեղի ռադիոկայանների օգնությամբ վերահեռարձակվում են Չինաստանի միջազգային ռադիոյի ծրագրերը:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը դրվատեց «Իմպուլս» ռադիոկայանի մասնագիտական հատկությունները. «Ազգայինն այնքանով է ամուր և հեռանկարային, եթե նա մարդկայինի մեջ է զարգանում: «Իմպուլսը» Ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Շատ ուրախալի է, որ «Իմպուլսը» մասնագիտական առումով բարձր որակներ ունի և կկարողանա մեզ ներկայացնել Չինաստանը համակողմանի, ոչ թե միակողմանի` և՛ պատմությունը, և՛ մշակույթը, և՛ այսօրվա կյանքը, և ամենակարևորը` տնտեսությունն ինչպես է զարգանում, քանի որ մենք շատ բան ունենք սովորելու»: