12/04/2011 12:34
Լի Չանչուն. «Երջանիկ եմ եղել համտեսել «Արարատ» կոնյակ»
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանը վերականգնում է տնտեսությունը, և տնտեսական զարգացումները դրական միտում ունեն` բարելավվում է ներդրումային միջավայրը: Նման տեսակետ այսօր հայ-չինական գործարար համաժողովի ժամանակ հայտնեց ՉԺՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը:
«Մեր գործարար համագործակցությունը լավ միտումներ ունի: Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է, և լայն դաշտ կա հարաբերությունները զարգացնելու համար»,- հայտարարեց Լի Չանչունը` ընդգծելով, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել և ընդլայնել համագործակցությունը:
Լի Չանչունը դրական գնահատեց Հայաստանի և Չինաստանի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և նշեց, որ պետք է սերտորեն համագործակցեն նաև Առևտրաարդյունաբերական պալատները` իրավական դաշտն էլ ավելի պարզեցնելու և ներդրումային հնարավորությունները բարելավելու համար:
Չինական պատվիրակության ղեկավարի խոսքով` թեև 2010 թ. ընթացքում առևտրաշրջանառությունը գրեթե կիսով չափ ավելացել է, բայց, ընդհանուր առմամբ, ծավալը քիչ է: Ըստ նրա, Չինաստանի շուկան մեծ է, և չինական կողմը մտադիր է ավելացնել Հայաստանից ներկրումը:
«Երեկ ՀՀ նախագահի անունից կազմակերպված ընդունելության ժամանակ երջանիկ եմ եղել համտեսել «Արարատ» կոնյակ, որ ես երբեք չէի խմել նախկինում: Այն լավն է, բայց չի կարելի գտնել Չինաստանում: Հայկական ընկերությունները պետք է գան Չինաստան և գովազդեն կոնյակը: Չինական համապատասխան կառուցները կօգնեն նրանց դա անել»,- ասաց Լի Չանչունն ու հավելեց, որ նաև փորձել է հայկական խաղող, որը Չինաստանում նույնպես չես գտնի. «Սա ցույց է տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներուժ ունենք»:
Լի Չանչունը նկատեց, որ ուղիղ ներդրումները դեռ այնքան էլ շատ չեն և հարկավոր է ավելի շատ ջանքեր ներդրնել այդ ուղղությամբ: Նա վստահություն հայտնեց, որ հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան: