12/04/2011 11:23
Կհրապարակվի Ջոն Լենոնի անձնական նամակագրությունը
Ջոն Լենոնի «Անկեղծորեն Ձեր` Ջոն» նամակների հավաքածուն կհրապարակվի 2012-ի հոկտեմբերին: Ռիա Նովոստին, հղում անելով Գարդիանին, հաղորդում է, որ երաժշտի այրին` Յոկո Օնոն, Լենոնի մահվանից 30-ից ավելի տարիներ անց առաջին անգամ թույլատրել է հրապարակել անձնական նամակագրությունը:
«Ջոնը ողջ կյանքի ընթացքում նամակներ և բացիկներ է գրել ընկերներին, հարազատներին, անծանոթներին, թերթերի խմբագրություններին, կազմակերպություններին, իրավաբաններին և լվացքատան աշխատողներին, և մեծամասամբ այդ նամակները եղել են հումորային, հետաքրքիր, հրավառ, իմաստուն, խենթ, լիրիկական, անհանգստություն պարունակող, անգամ սրտաճմլիկ»,- թերթը մեջբերում է նամակների գրքի իրավունքը ձեռք բերած Little, Brown հրատարակչության հայտարարությունը:
Հավաքածուի պատրաստմամբ կզբաղվի Բիթլզի կենսագիր Հանթեր Դեվիսը: Նամակները կտպագրվեն ժամանակագրային հերթականությամբ, որպեսզի «որոշակի պատմողականություն ստեղծվի». մեծամասամբ կլինեն Լենոնի ձեռագիրն ու գծանկարները:
Հավաքածուի համար Դեվիսն օգտվել է Յոկո Օնոյի արխիվից, սակայն նա գտնում է, որ ամբողջ աշխարհում պահպանվել են երաժշտի բազմաթիվ այլ նամակներ: Դեվիսն արդեն դիմել է նման նամակներ ունեցողներին` խնդրելով կապվել իր կամ հրատարակչության հետ: Այսպիսով նրան հաջողվել է ավելի քան 200 նամակ ձեռք բերել: