12/04/2011 09:23
ՀՀ ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը
Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման և այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանություն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա: Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:
Հայաստանի արտգործնախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին շփման գծում միջադեպերի կանխարգելման և հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության: